ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում այլ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարել. նախ պետք է բավարարել ներքին պահանջները. Financial Times

14:30 • 19.02.21

ԱՄՆ իշխանությունները զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն մատակարարի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիների պատվաստման համար երկրում բավարար քանակությամբ դեղամիջոցներ չկան, նախագահի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին հղումով գրում է Financial Times-ը։

«Այժմ մենք կենտրոնացած ենք ամերիկացիներին պատվաստելու վրա»,- հայտարարել է Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը:

Մեկ այլ անանուն պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմի աշխատակիցներին խնդրել է քննարկել պատվաստանյութերի «ավելցուկը» նվիրաբերելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ առաջնահերթը «ներքին պահանջները բավարարելն է»։

«Թեև ներկայում հնարավորություն չունենք կիսել պատվաստանյութերի չափաբաժինները, մենք ջանք չենք խնայում COVAX-ին աջակցելու և ամբողջ աշխարհում պատվաստումներն ակտիվացնելու համար», - նշել է վարչակազմի մեկ այլ անանուն ներկայացուցիչ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը մտադիր է 2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանն աջակցելու համար և պլանավորում է այդ քայլի մասին հայտարարել փետրվարի 19-ին կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ։

Իրազեկ աղբյուրը հաղորդել էր, որ ևս 2 մլրդ դոլար կհատկացվի երկու տարվա ընթացքում, երբ երկրները սկսեն կատարել իրենց պարտավորությունները։

COVAX-ը ԱՀԿ-ի շրջանակում ստեղծած միջազգային մեխանիզմ է, որի միտված է նպաստել պակաս բարեկեցիկ պետությունների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերմանը․ դրան մասնակցում են 190 երկրներ։