ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանություններին և ընդդիմադիր ուժերին զսպվածության ու իրավիճակի էսկալացումից խուսափելու կոչ է արել

04:43 • 19.02.21

ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանություններին և ընդդիմադիր ուժերին զսպվածության ու իրավիճակի էսկալացումից խուսափելու կոչ է արել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներից: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակն ապակայունացնող ու բռնության հանգեցնող գործողություններից ու հայտարարություններից»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է արել այնպես վարվել, որպեսզի «դատական և քննչական համակարգը ազատ լինի քաղաքական կախվածությունից:

«Մենք կշարունակենք աշխատել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որպեսզի առաջ մղվի օրենքի գերակայությունը»,- ասված է հայտարարությունում:

Փետրվարի 18-ին Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ բացատրելով, որ պատճառը ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային կալանավորելու հարցի շուրջ իշխող թիմի ներսում ունեցած տարաձայնությունն է եղել, և որ ինքը դեմ է եղել դրան՝ փաստարկելով, որ նման քայլն իշխանության կողմից կարող է էլ ավելի բևեռացնել քաղաքական դաշտն ու հասարակությանը, և այդպիսի զարգացումներ թույլ չտալու համար է նաև ինքը հեռանալու որոշում կայացրել:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: