Վարչապետին, պատգամավորներին ի պաշտոնե վիրավորելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի․ Նիկոլայ Բաղդասարյան
Գործող օրենքով գոյություն ունի իքս պաշտոնատար անձանց վիրավորելու համար քրեական պատասխանատվություն, այսինքն, եթե օրինակ վիրավորանք հնչեցվի դատախազի, դատավորի, պաշտպանի, զինծառայողների նկատմամբ, դա համարվում է քրեական օրենսգրքով արգելվող արարք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ այս սուբյեկտների կազմին ավելացվում են ևս մի քանի սուբյեկտներ։ «Եթե չեմ սխալվում խոսքը վերաբերում ՏԻՄ ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց, պետական ծառայողների նկատմամբ, այդ թվում ԱԺ պատգամավորների նկատմամբ»,– ասաց նա:
«Երբ իքս անձը Ձեզ, վարչապետին կամ ինձ մեղադրում է կոնկրետ հանցագործություն կատարելու համար, այսօրվա գործող Քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն, դրա համար նոր օրենք ընդունելու կարիք չկա: Այս ամենին ավելանում է պետական պաշտոնատար անձը, այդ թվում՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ ի պաշտոնե և վարչապետը, կրկին ի պաշտոնե: Այսինքն, եթե դուք ինձ հիմա վիրավորենք ոչ որպես ի պաշտոնե գործառույթ իրականացնող, այդ խնդիրն այլ կարգավորում կստանա»,- պարզաբանեց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատասխանատվության ենթարկվելը կկատարվի գումարի բռնագանձմամբ, ապա ավելացրեց, որ ինքը դեմ է օրինակ՝ ազատազրկման տարբերակով պատասխանատվության ենթարկելը:










