Բիլ Գեյթսը հայտարարել է, որ համավարակին վերջ տալու համար «միլիարդներ» են հարկավոր
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ասել է, որ կորոնավիրուսային համավարակը դադարեցնելու համար պատվաստանյութեր արտադրող հաստատություններում միլիարդավոր դոլարների ներդրումներ պետք է անել: Համաժողովը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առցանց ձևաչափով, և հեռարձակվել է համաժողովի յութուբյան ալիքով: Այս մասին հայտնում է iz.ru–ն։
«Մեզ ներդրումներ են պետք: Ոչ շատ միլիարդներ՝ համոզված լինելու համար, որ դա այլևս երբեք չի կրկնվի», - ասել է նա իր ելույթի ժամանակ:
Գործարարի կարծիքով, համավարակի ավարտի համար անհրաժեշտ է երկրների և կորպորացիաների միջև համագործակցություն զարգացնել: Գեյթսը շեշտել է, որ առաջիկա տարիներին աշխարհում հիմնական առաջնահերթությունները պետք է լինեն պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, ինչպես նաև ապագայում նման աղետները կանխելու համար դաշինքների ստեղծումը:
Հունվարի 27-ին Գեյթսը խոսել է հաջորդ համավարակին աշխարհի անպատրաստ լինելու մասին, որը կարող է 10 անգամ ավելի վատը լինել, քան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Միևնույն ժամանակ, նոյեմբերին, նա խոստովանել էր, որ երեք տարի անց կարող է սկսվել նոր համավարակ և նշել, որ մարդկությունը կարող է բախտավոր լինել և «այն տեղի կունենա 20 տարի անց»:
«Գեյթս» բարեգործական հիմնադրամը 650 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա դարձել է անկախ հիմնադրամների կողմից արված ամենամեծ նվիրատվությունը:










