Աֆրիկյան ևս մեկ երկիր գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Գանայի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարում է Գանայի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն իրականացվել է արտակարգ օգտագործման թույլտվության կարգի շրջանակներում», - նշել են հիմնադրամից:
Գանան դարձել է պատվաստանյութը հաստատող 31-րդ երկիրն աշխարհում և 5–րդն Աֆրիկա մայրցամաքում:
«Գանայի առողջապահության նախարարությունը մանրակրկիտ վերլուծություն է իրականացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալների հիման վրա, որոնք հաստատվել են The Lancet բժշկական ամսագրի հրապարակման մեջ:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումն արդեն հաստատվել է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում և այլ պետություններում։










