Մեծ Բրիտանիայում հին մեքենաներից հրաժարվող վարորդներին մինչև 4200 դոլար փոխհատուցում կտրամադրվի

12:55 • 20.02.21

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վտանգավոր արտանետումների պատճառով օդն ամենաշատն աղտոտող մեքենաների տերերին կսկսի մինչև 4200 դոլար փոխհատուցում տրամադրել, եթե նրանք հրաժարվեն իրենց մեքենաներից և օգտվեն հասարակական տրանսպորտից, հեծանիվներից, էլեկտրական սկուտերներից կամ տաքսիներից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Քովենտրիում այս գարնանը կմեկնարկի կառավարության աջակցությունը ստացած փորձնական ծրագիրը՝  խցանումները նվազեցնելու և օդի որակը բարելավելու նպատակով: Փոխհատուցում կառաջարկվի 2006–ից 2016 թվականների արտադրության դիզելային և բենզինային շարժիչներով մեքենաների սեփականատերերին: Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար, որից հետո կգնահատվի դրա արդյունավետությունը:

2019 թվականին, բրիտանացիներն իրենց տրանսպորտային միջոցներով, ընդհանուր առմամբ անցել են 574 միլիարդ կմ, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 5 տարի առաջ գրանցված տվյալները։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը։