«Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որ մինչև այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշը»․ Արթուր Վանեցյանը՝ իրենց ուղղված մեղադրանքների մասին (տեսանյութ)

15:48 • 20.02.21

Պետք է մարդկանց բացատրենք, որ սա բացառապես քաղաքական պայքար չէ, սա վերկուսակցական պայքար է, այստեղ կանգնած ենք մի նպատակի համար, այդ նպատակը կոչվում է «Հայաստանի Հանրապետության ապագա»։ Այս մասին այսօր Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Այսօր Սյունիքը վտանգված է, Սյունիքից կտոր–կտոր տանում են»,–ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր վճռորոշ օր լինելու մեկնաբանություններին, Արթուր Վանեցյանն ասաց․ «Հայտարարել և ասել, որ այսօր վճռորոշ օր է, և եթե այսօր չլուծվեց այդ հարցը, ուրեմն էլ չի լուծվելու, ուրեմն դա սխալ է, ես կասեի նման հայտարարություններ անողները և տարածողները խանգարում են մեզ, որովհետև  ժողովրդի մեջ ձևակերպվում են սպասումներ, որ այսօր վերջին օրն է, և լուծվելու է այդ հարցը, այն, ինչ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունից դուրս է գործում այս իշխանությունը»,–ասաց նա։

Արթուր Վանեցյանը նկատեց, որ կեղծ, շինծու գործով Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին  ձերբակալել են, և ուղղակի ամոթ է, արդեն զավեշտի է հասցվում այս «վհուկների որս»-ը։ Նա իր նախկին գործընկերներին խորհուրդ տվեց չկատարել քաղաքական պատվերներ և ծառայել ժողովրդին։

«Կան ավելի ծանր հանցագործություններ, կարևոր հարցեր՝ Հայաստանի անվտանգության հետ կապված, բայց ես մեծ ցավով եմ ասում, երևի հասկանում եք, թե ես ինչ ծանր անձնական զգացումներ ունեմ Ազգային անվտանգության ծառայությունը նման նպատակի համար օգտագործելու համար։ Ասում են՝ ինչ-որ ֆեյք, որը վիրավորել է իշխանություններին, իբր այդ ֆեյքի վարողները Արա Սաղաթելյանը և Կարեն Բաքարյանն են, նրանց ճանաչողները գիտեն, որ նրանք, անհնար է, որ նման գործողություններ անեն։ Նրանք ունեն այնքան հնարավորություններ, համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն իրենց բաց դեմքով, ինչը և միշտ արել են»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք գործելու են բացառապես օրենքներով և Սահմանադրության շրջանակում։ «Որևէ մեկը թող չհուսահատվի, հարյուր տոկոսով մենք մեր երկիրը փրկելու ենք այս արհավիրքից, որը պատել է մեզ, և այս արհավիրքը շատ արագ հեռանալու է»,–ասաց նա։

Երրորդ նախագահի տված հարցազրույցի հետ կապված՝ նա ասաց, որ կարծում է, թե պետք է լինի քննություն, սակայն չի հավատում, որ այս իշխանությունների կողմից հնարավոր է օբյեկտիվ քննություն։ Նա արժանահավատ համարեց նախագահի խոսքերը և նկատեց, որ արժանահավատ հերքում չեն ստացել։

«Ընդդիմությունը չի հայտնվել փակուղում, հստակ գործում է իր օրակարգով, բայց շարժումը առաջնորդող ուժերը միայնակ որևէ արդյունքի չեն կարող հասնել, քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք պետք է մասնակից դառնան այս գործընթացին»,–ասաց նա և նշեց, որ եթե մարդիկ դուրս չգան, ուրեմն մենք կվերածվենք ոչ թե ՀՀ–ի, այլ թուրքական վիլայեթի։

Անդրադառնալով Շոշ գյուղը հանձնելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց․ «Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է մնացել, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը»։