Ժողովուրդը այսօր հեռու է իրականությունից և չգիտի՝ ինչ է կատարվում. քաղաքացի

15:07 • 20.02.21

ՀՀ քաղաքացիները հեռու են իրականությունից և չեն գիտակցում, թե ինչ է կատարվում այս պետության հետ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի մասնակիցներից մեկը։

«Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, հարկ եմ համարում այսօր ներկա լինել այս հանրահավաքին, քանի որ երկիրն ալեկոծված է: 2018 թվականին, երբ հավաքվում էինք, խոսում էինք այն մասին, որ Սերժ Սարգսյանն իրականությունից հեռու է, իսկ այսօր էլ իրականությունից հեռու է մեր ժողովուրդը, չգիտեն՝ ինչ է կատարվում երկրում: Երկիրը շատ ահավոր վիճակում է, և ժողովուրդը պետք է գա այսօր, ներկայանա, որպեսզի որոշում կայացնենք»,- ասաց նա:

Քաղաքացին նաև հավելեց, որ պետությունն այլևս ժողովրդավարական չէ, և ոստիկանների քանակը գերազանցում է ակցիայի մասնակիցների քանակը:

«Այսօր տեսնում ենք՝ ոստիկանության խմբաքանակն ավելին է քան քաղաքացիներինը: Դա խոսում է այն մասին, որ կորցնում ենք ժողովրդավարական պետությունը: Այսօր մենք պետք է հավաքվենք այստեղ և քաղաքակիրթ ձևով որոշենք՝ ուր է գնում այս պետությունը»,- ասաց քաղաքացին:

Հիշեցնենք, որ 15:00-ին նախատեսված է մեծ հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: