Հայտնի է դարձել՝ երբ են սկսելու ռուսական նորագույն գերձայնային հրթիռի փորձարկումները
Ռուսական «Գրեմլին» գերձայնային կառավարվող նորագույն հրթիռի փորձարկումները նախատեսված են 2023 թվականին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով փորձարկումների ժամանակացույցը:
Փետրվարի 9-ին ՌԴ պաշտպանության նախարարությունում կայացած ժողովում նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ հենց գերազանց ճշգրտությամբ գործող գերձայնային համալիներներ են կիրառվելու Ռուսաստանի ոչ միջուկային զսպման ներուժի ամրապնդման համար:
Ըստ ժամանակացույցի՝ գերձայնային նորագույն հրթիռը պետական համատեղ փորձարկումների է ներկայացվելու 2023 թվականին: Փաստաթղթերի համաձայն՝ «Գրեմլինի» փորձարարական նախագծման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին:
Հեռանկարային հրթիռի բնութագրիչ հատկությունները պաշտոնապես չեն նշվում: Ենթադրաբար, գերձայնային նորագույն հրթիռների հեռահարությունը կկազմի 1500 կմ, իսկ արագությունը՝ 6 Մախ:










