Մադրիդում և Բարսելոնայում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ իսպանացի ռեփերի ձերբակալության
Շաբաթ երեկոյան բողոքի ակցիաներ են սկսվել Իսպանիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մադրիդում և Բարսելոնայում՝ ընդդեմ ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության, որին դատապարտել են ահաբեկչության քարոզչության և միապետին վիրավորելու համար:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, թագավորության մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հանրահավաք է տեղի ունենում: Ցուցարարների գործողություններին տասնյակ ոստիկաններ են հետևում՝ անկարգություններ թույլ չտալու համար:
Բարսելոնայում բողոքի ցույցերը հինգերորդ օրն է, ինչ ընթանում են: Ցույցեր են մեկնարկել նաև Մալագայում և Կորդովայում: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել ռեփերին:
Նախորդ օրերին տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը վերաճել էին անկարգությունների և բախումների ոստիկանության ու ցուցարարների միջև: Փետրվարի 17-ին Մադրիդում տեղի ունեցած անկարգությունների պատճառած վնասը գնահատվում է 200 000 եվրո:
Իսպանացի ռեփերին 9 ամիս ազատազրկման են դատապարտել ահաբեկչության քարոզչության և թագավորական ընտանիքի հասցեին Twitter-ում, ինչպես նաև YouTube-ում հրապարակված երգում հնչեցրած վիրավորական հրապարակումների համար:









