«Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսի բեմադրությունը հետաձգվում է, ոստիկանությունը ցուցում ունի խանգարել միջոցառման անցկացումը. «ՎԵՏՕ»-ի անդամ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր ժամը 14:00-ին Ազատության հրապարակում պետք է բեմադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսը, սակայն «ՎԵՏՕ»-ի անդամ Հերմինե Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բեմադրությունը հետաձգվում է, քանի որ ոստիկանությունից նշել են, որ նախապես չի տեղեկացվել քաղաքապետարանին:
Բացի այդ, այսօր բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մալյանը, չնայած առանց նրա ներկայության էլ որոշվել էր ցուցադրել ներկայացումը:
«Ունենք հստակ ինֆորմացիա, որ ոստիկանությունը ցուցում ունի ամեն կերպ խանգարել այսօրվա միջոցառումը: Այսինքն եթե պերֆորմանսը բեմադրենք հանրահավաքի ժամանակ, շատ մարդկանց բերման կենթարկեն, այդ թվում նաև «ՎԵՏՕ» ի աղջիկներին, գուցե նաև դերասաններին և որոշեցինք, այսօր չբեմադրել միջոցառումը այլ տեղափոխել մեկ ուրիշ օր, որ դերասաններին վտանգի տակ չդնենք, իրենք այս ամենի հետ կապ չունեցող անձինք են»,-ասաց Հերմինե Գրիգորյանը:
Նա նաև ասաց, որ պետք է հերթական անգամ արձանագրել, որ մեր իշխանությունները պարզապես սարսափում են Չաուշեսկու անունից:










