Facebook-ը ոչ միտումնավոր արգելափակում է պատվաստանյութերի արդյունավետության մասին գովազդները․ Politico

13:04 • 22.02.21

Պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության դեմ պայքարելու Facebook-ի ջանքերը հանգեցրել են նաև պատվաստումների արդյունավետության մասին առողջապահական ծառայությունների, հասարակական և կրոնական խմբերի հաղորդագրությունների և գովազդների ոչ միտումնավոր արգելափակմանը, գրում է Politico-ն։

Պարբերականը հաղորդում է, որ Facebook-ն արգելափակել է առնվազն 110 վճարովի գովազդային հաղորդագրություններ, որոնք միտված են պատվաստանյութի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրում այն մասին, թե որտեղ կարելի է պատվաստվել։

Արգելափակումն անդրադարձել է ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական կազմակերպությունների կողմից տեղադրված գովազդին։

Նշվում է, որ Facebook ընկերությունում ընդունել են այդ փաստը և վերականգնել են դրանցից մի քանիսի հասանելիությունը:

«Մինչ ժամանակավորապես ընտրությունների և քաղաքականության մասին գովազդներ չենք հրապարակում, շարունակում ենք թույլատրել Covid-19-ի հետ կապված գովազդային հաղորդագրությունների հրապարակումը»,- պարզաբանել են Facebook-ում՝ նշելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել են դրանք հասանելի դարձնել օգտատերերին։