Դատարանն արգելել է Իսրայելի ափերին էկոլոգիական աղետի հետաքննության տվյալների հրապարակումը
Իսրայելի Հայֆա քաղաքի դատարանն արգելել է Իսրայելի Միջերկրածովյան ափին էկոլոգիական աղետի հետաքննության տվյալների հրապարակումը, տեղական հեռուստաալիքին հղումով գրում է ria.ru-ն՝ նշելով, որ էկոլոգիական աղետի պատճառով ավելի քան 160 կիլոմետր ձգվող լողափերն աղտոտվել են նավթամթերքներով։
Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հայտարարել է Հայֆայի դատարանի դատավորի որոշման մասին, որով արգելվում է ափերի աղտոտման գործով հետաքննության որևէ մանրամասների հրապարակումը։ Արգելքը գործում է յոթ օրվա ընթացքում»։
Հետաքննությունը վարում է Բնապահպանության նախարարության ծովային միջավայրի պաշտպանության ազգային բաժինը:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մի քանի կամավորներ, որոնք մասնակցել են նավթամթերքներից ափերի մաքրման աշխատանքներին, թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են։
Օրերս Իսրայելի ափերի մոտ մոլեգնող փոթորկից հետո մոտ 160 կիլոմետր երկարության վրա ափերը աղտոտվել են մազութ հիշեցնող նավթամթերքով: Էկոլոգիական աղետի պատճառը դեռ հայտնի չէ, մասնագետները ենթադրում են, որ ուժեղ ալիքների պատճառով ծովում կարող էր նավթատար շրջվել:










