Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ ընթրիքներին որդու մասնակցության համար
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանական բանավեճի ընթացքում ներողություն է խնդրել որդու՝ Tohokushinsha Film ընկերության աշխատակից Սեյգո Սուգայի՝ ներքին գործերի և կապի նախարարության պաշտոնյաների հետ կայացած ընթրիքին մասնակցության համար: Այս մասին այսօր հաղորդել է ՏԱՍՍ լրատական գործակալությունը:
«Ես ներողություն եմ խնդրում, որ որդիս մասնակցել է գործողություններին, որոնց հետևանքով պաշտոնյաները խախտել են վարվեցողության կանոնները», - ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ ինքը որդու հետ երբեք չի քննարկել Tohokushinsha Film արտադրական ընկերությունում նրա աշխատանքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սեյգո Սուգան և նրա գործընկերները 2020 թվականին ճաշել են ներքին գործերի և կապի նախարարության առնվազն 11 պաշտոնյաների հետ` վճարելով ճաշի համար: Մինչդեռ Ճապոնիայում պաշտոնատար անձանց արգելվում է նվերներ ստանալ շահագրգիռ կողմերից:
Ներքին գործերի և կապի նախարարությունը տրամադրում է հեռարձակման լիցենզիաներ, որոնք կիրառվում են այնպիսի արտադրական ընկերություններում, ինչպիսին է Tohokushinsha Film- ը:










