Իսրայելի ափերին տոննաներով նավթ է արտահոսել. տուժել է կենդանական և բուսական աշխարհը (տեսանյութ)

16:55 • 22.02.21

Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերի մոտ նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով աղտոտվել է 150 կմ երկարությամբ ձգվող ափամերձ հատվածը և Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ են սատկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երկրի բնապահպանության նախարարությունը հայտարարել է էկոլոգիական աղետի մասին:

Նախնական տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Իսրայելի ափամերձ ջրային տարածքում գտնվող նավից: Մազութ հիշեցնող տոննաներով նյութը ողողել է երկրի լողափերը:

Աղտոտումից տուժել է տեղի կենդանական և բուսական աշխարհը, մասնավորապես՝ ծովային կրիաներն ու ծովային էկոհամակարգերը:

Կամավորներն աշխատանքներ են սկսել աղետի գոտում, սակայն մի քանի մարդ արդեն հոսպիտալացվել է չափից շատ նավթային գազ շնչելու հետևանքով:

Աղետի վայրում եղել է նաև երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Զրուցել եմ Եգիպտոսի էներգետիկայի նախարարի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է մեզ մոտ: Եվ մենք առաջարակել ենք, որ բոլոր նավերը երթևեկեն գազաշարժիչային վառելիքով: Նավթամթերքն աղտոտում է շրջակա միջավայրը, ինչպես որ այստեղ է տեղի ունեցել»,- ասել է Նեթանյահուն:

Նշվում է, որ ներկա պահին վտանգ կա, որ նավթամթերքը կներծծվի ստորգետնյա ջրերում: Բնապահպանները հայտնում են հսկայական վնասի մասին: Մասնագետների գնահատմամբ՝ շրջակա միջավայրի վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեն: