Իմ աշխատասենյակում քննչական գործողությունն իրականացվում էր քննիչի որոշման հիման վրա այն դեպքում, երբ դա օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտում է. Գոհար Մելոյան (տեսանյութ)

14:22 • 22.02.21

Ես հասա իմ աշխատասենյակ այն ժամանակ, երբ քննչական գործողություններ էին տեղի ունենում՝ խուզարկության տեսքով: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով կեղծ օգտատիրոջ գործով մի շարք ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին, նրանցից բոլորի մասով դատարանը կալանավորումը ոչ իրավաչափ է համարել, իսկ Արա Սաղաթելյանը կալանավորվել է 2 ամսով:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Գոհար Մելոյանի խոսքով՝ ինքն անմիջապես պահանջել է, որ իրեն ծանոթացնեն քննչական գործողության իրավական հիմքին՝ դատարանի որոշմանը:

«Չէի կարող ենթադրել, որ դատարանի որոշման հիման վրա չի իրականացվում, իսկ հետո պարզվեց, որ քննչական գործողությունն իրականացվում էր քննիչի որոշման հիման վրա այն դեպքում, երբ դա օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտում է, քանի որ աշխատասենյակը հավասարեցված է բնակարանի, իսկ այդ վայրերում խուզարկությունն իրականացվում է դատարանի որոշման հիման վրա»,-ասաց Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ հրաժարվել են իրեն ծանոթացնել քննիչի որոշմանը, ուստի մինչև իր՝ ԱԱԾ-ից դուրս գալու պահը, տեղյակ չէր, թե ինչ գործի շրջանակում են այդ ամբողջ գործողություններն իրականացվում, և ինչով է պայմանավորված ստեղծված իրավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում։