Ռուս փորձագետը գնահատել է ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում Ուկրաինայի շանսերը

16:10 • 22.02.21

Ուկրաինական բանակը ռազմական բախման դեպքում չի կարողանա որևէ բան հակադրել Ռուսաստանի զինված ուժերին: Նման տեսակետ է հայտնել Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չունեն ժամանակակից չափանիշներին համապատասխան անհրաժեշտ սպառազինություն, բավարար ֆինանսավորում, ինչպես նաև մարտական գործողությունների փորձ:

«Ուկրաինան նույնիսկ չի դիմադրի ռուսական բանակին, իսկ Լվովն ու Դնեպրոպետրովսկը կսկսեն մրցել, թե ով ավելի շուտ ծաղիկներ կնվիրի ռուսական բանակին», - ասել է փորձագետը:

Բացի այդ, Իչենկոյի վստահեցմամբ՝ ուկրաինական բանակը գործնականում չունի ավիացիա և հակաօդային պաշտպանություն:

Նշենք՝ ուկրաինացի պետական գործիչները և տարբեր փորձագետներ պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով:

Մասնավորապես, Դոնբասի եռակողմ շփման խմբի ուկրաինական պատվիրակության տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը «հարձակման կանցնի» Մոսկվայի հետ պատերազմի դեպքում:

Նրա խոսքով, Ուկրաինան Ռուսաստանի համար կդառնա Աֆղանստան՝ «միայն թե ավելի զիլ»: