«Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է». Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին

13:36 • 22.02.21

Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:

«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:

«Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը միջազգային այլ առաքելություններին, ապա իրավիճակը հետևյալն է՝ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր) ընդգրկված է 33 հայ զինծառայող, իսկ ՄԱԿ-ի Մալիի բազմաչափ ինտեգրացված կայունացման առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ)-ի կազմում`1 զինծառայող:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք համաձայնության ենք եկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորակազմի (121-ից 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից 2 զինծառայողի) զգալի կրճատման մասին»,- նշել է Հարությունյանը: