Գերմանիայի կառավարությունը 10 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Դոնբասին
Գերմանիայի կառավարությունը Դոնբասում սոցիալական ծառայությունների զարգացման և կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար 10 միլիոն եվրո օգնություն կտրամադրի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Գերմանիայի կառավարությունը Զարգացման գերմանական բանկի միջոցով 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում կտրամադրի Դոնբասին, որը կորոնավիրուսային համաճարակի ֆոնին Ուկրաինայի արևելքում սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ծրագրի մի մասն է», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագիծը 12 փորձնական համայնքում կներառի շրջանի շուրջ 500 հազար բնակչի:
Դեսպանատան հաղորդմամբ՝ «ծրագրի հիմնական շեշտը դրված է ներառական կրթության, մաքուր ջրի կայուն հասանելիության և երիտասարդների սոցիալական գործունեության վրա: Կբարելավվի նաև ուսումնական հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը: Այդ ամենը միասին կնպաստեն համայնքների հակամարտությունից տուժած ընտանիքների սոցիալական համախմբվածությանը և բարեկեցությանը»։
Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուսենի խոսքով՝ «Գերմանիայի իշխանությունները գործընկեր են դառնում Ուկրաինայի այն շրջանների համար, որոնց ուժերը զինված բախումների ու համաճարակի հետևանքով սպառվում են»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան 13,1 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային` հիվանդանոցների արդիականացման, կորոնավիրուսի ախտորոշման և բուժման համար ժամանակակից հիմնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:










