«Եթե ցանկանում եք արագ տուն հասնել, առաջարկում եմ թռչել համար մեկ օդանավով»․ Թրամփը Կիմ Չեն Ընին առաջարկել է ԿԺԴՀ ուղևորվել ԱՄՆ նախագահական ինքնաթիռով. CNN

10:35 • 23.02.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականին Հանոյում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո նրան առաջարկել է «տուն ուղևորվել ԱՄՆ նախագահական ինքնաթիռով»: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

ԱՄՆ վարչակազմի նախկին անանուն պաշտոնյայի խոսքով` Թրամփն առաջարկել է Կիմ Չեն Ընին Վիետնամից Հյուսիսային Կորեա տեղափոխել:

Ըստ հաղորդման՝ դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը չի խորհրդակցել իր ենթակաների հետ: Ինչպես եթերում հստակեցրել է հեռուստաընկերության լրագրողը, Թրամփը Կիմ Չեն Ընին ասել է հետևյալը. «Եթե ցանկանում եք շատ ավելի արագ տուն հասնել, ես կարող եմ ձեզ առաջարկել թռչել համար մեկ օդանավով»:  

Նշվում է նաև, որ Թրամփն այդ ժամանակ ԿԺԴՀ ղեկավարին իր «ընկերն» է անվանել:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրի, որն այն ժամանակ ուղեկցել է ԱՄՆ առաջնորդին, Թրամփի օգնականները «ցնցված էին» այդ առաջարկից: CNN-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը հրաժարվել է: ԱՄՆ նախկին վարչակազմի անանուն աղբյուրները նշել են, որ նման թռիչքը լուրջ վտանգ կստեղծեր ամերիկյան կողմի համար:

CNN-ը նշում է նաև, որ ավելի վաղ BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիայի լրագրողներին նմանատիպ վարկած էր ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին օգնականի տեղակալ Մեթյու Փոթինգերը: