ԵՄ-ն Թուրքիային քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների նկատմամբ ճնշման համար

10:46 • 24.02.21

Երեքշաբթի ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության մամուլի խոսնակները հայտարարություն են տարածել ՝ քննադատելով, քաղաքական դրդապատճառներով իրականացվող դատական գործընթացների միջոցով, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» և նրա մի քանի անդամների նկատմամբ շարունակական ճնշումը, հայտնում է Ahval–ը։

Հայտարարության մեջ քննադատվել է նաև Ազգային մեծ ժողովի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փորձը:

«Այս զարգացումները նպաստում են նրան, որ Թուրքիան չկատարի Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ–ի վճիռը, ինչպես նաև կալանավորի հարյուրավոր քաղաքական գործիչների, ընտրված պաշտոնյաների և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների՝ ահաբեկչության հետ կապված լինելու մեղադրանքներով։

Հայտարարության մեջ նշվում է, որ կուսակցության անդամների ենթադրյալ հանցագործությունների պարզաբանումը պահանջում է պատշաճ ընթացակարգ, որում պետք է ապահովվի անմեղության կանխավարկածը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am–ը, թուրքական դատարանը՝ Դիարբեքիրի հարավարևելյան նահանգի Սուր շրջանի նախկին համաքաղաքապետ, քուրդ Ֆիլիզ Բուլութթեքինին դատապարտել է 7 տարի 6 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով:

Երկուշաբթի ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի խոսնակն Ahval–ին ասել է, որ Միացյալ Նահանգները «տեղյակ է» Թուրքիայի կառավարության վերջին խնդրանքներին՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 9 օրենսդիրների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, և «վերահսկում է իրավիճակը»: