«Ջոն Քենեդիին սպանելու հրաման էր տվել Նիկիտա Խրուշչովը, սակայն ավելի ուշ մտափոխվել էր». ԿՀՎ նախկին տնօրեն
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջեյմս Վուսլին, որը կառույցը ղեկավարել է 1993-1995 թթ., հայտարարել է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանելու հրաման ժամանակին տվել էր ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովը, սակայն ավելի ուշ մտափոխվել էր:
Ինչպես գրում է The New York Post-ը, այս մասին Վուսլին գրել է «Գործողություն «Վիշապ». Կրեմլի գաղտնի պատերազմն Ամերիկայի դեմ» գրքում, որը համահեղինակել է ռումինական հետախուզության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իոն Պաչեպայի հետ միասին:
Գրքի հեղինակները բացահայտում են, որ Լի Հարվի Օսվալդը, որը սպանել է Քենեդիին, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից է եղել, որին 1957 թվականին հավաքագրել էին Ճապոնիայում ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայելիս:
Նշվում է, որ մի շարք գաղտնի առաքելությունների կատարումից հետո Խրուշչովն «անձամբ է հրամայել» Օսվալդին վերացնել Սպիտակ տան ղեկավարին, սակայն ավելի ուշ խորհրդային իշխանությունները «մտափոխվել են» Քենեդիին սպանելու հարցում: Օսվալդին հրամայել են հետ կանգնել սպանության ծրագրից, սակայն վերջինս «կույր սեր էր տածում ԽՍՀՄ-ի նկատմամբ» և չի ենթարկվել երկրորդ հրամանին:
Գրքում նշվում է նաև, որ տվյալ պնդումների բոլոր ապացույցներն ընդգրկված են Քենեդիի սպանության գործով զբաղվող Ուորենի հանձնաժողովի զեկույցում, սակայն այն այնքան «կոդավորված» է, որ մինչ օրս ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված:
Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալաս կատարած այցելության ժամանակ: Նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել էր ԱՄՆ ծովային ուժերի նախկին անդամ Լի Հարվի Օսվալդը, որն ինչ-որ ժամանակ բնակվել է ԽՍՀՄ-ում:










