«Նա պետք է հրապարակավ ներողություն խնդրի ի լուր աշխարհին «դուրս տալու» համար». Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահը` «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

15:43 • 24.02.21

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Կովկասում վերջին հակամարտության արդյունքների առնչությամբ: Շերինի խոսքով՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

«Անկասկած, Փաշինյանը պետք է կատարվածի համար մեղավորներ գտնի, բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն,- խմբ.) անդամ է: Այդ հայտարարությունն իրականում կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի և ամբողջ երկրի հեղինակությանը: Նման բառերի համար, եթե դրանք հաստատվեն, հարկավոր է պատասխանատվություն կրել», - ասել է Շերինը: 

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն այն կարծիքին է, որ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք «Փաշինյանն ընդհանրապես կարդացել է «Իսկանդեր»-ի մարտավարական և տեխնիկական բնութագրերը, և արդյոք տեղյակ է, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»: 

«Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե որն է բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործի հետ: Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող հաստատի դա որոշ փաստերով»,- շեշտել է խորհրդարանականը և նկատել՝ ընդհանրապես ինչպես կարելի է հաշվարկել, որ հենց 10 «Իսկանդեր» հրթիռ է արձակվել, բայց դրանցից միայն մեկն է պայթել: 

«Իսկ ո՞ւր մնացին մյուս ինը: Կարծում եմ ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Չէ՞ որ նա ի լուր աշխարհին է «դուրս տվել»: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե ինչքանով է նա ընդհանրապես խորացել ռազմական գործերի մեջ», - ամփոփել է պատգամավորը:

Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»: