ԿՀՎ ղեկավարի թեկնածուն Ռուսաստանին «թուլացող տերություն» է անվանել
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի թեկնածու Ուիլյամ Բյորնսը հորդորել է չթերագնահատել Ռուսաստանին և ընդլայնել երկրների շրջանակը`դիմակայելու համար Մոսկվային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես գիտեմ այն, որ միշտ էլ սխալ կլինի թերագնահատել պուտինյան Ռուսաստանը: Չնայած շատ առումներով Ռուսաստանը թուլացող տերություն է, այն կարող է ապակառուցողական լինել Պուտինի ղեկավարության ներքո, ինչպես այնպիսի զարգացող տերությունները, ինչպիսին Չինաստանն է»,-ասել է նա չորեքշաբթի օրը Սենատի հետախուզական կոմիտեում, որտեղ քննարկել են նրա թեկնածությունը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն պետք է սթափ գնահատի Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքները: «Ամրությունն ու հետևողականությունը էական են այդ սպառնալիքներին արձագանքելու համար»,, հավելել է նա:
«Բացի այդ, շատ կարևոր է հնարավորինս լավ աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ: Մենք երբեմն կարող ենք ավելի շատ ազդեցություն ունենալ Պուտինի հաշվարկների վրա, երբ նա տեսնի, որ պատասխանը գալիս է ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաև մեր եվրոպական դաշնակիցներից: Երկրների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները տալիս են իրենց արդյունքը»,-ասել է Բյորնսը:
Հանձնաժողովի մակարդակով հաստատվելուց հետո Բյորնսի թեկնածությունը պետք է քվեարկվի ամբողջ Սենատի կողմից: Հաստատման համար անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը: Մինչ այժմ Սենատը հաստատել է Բայդենի վարչակազմի առաջարկած բոլոր թեկնածուներին:
2005-2008 թվականներին Բյորնսը աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Մոսկվայում: Պետդեպարտամենտում նա ծառայել է մինչև պետքարտուղարի տեղակալի պաշտոն: Բյորնսը արտաքին ծառայությունից թոշակի է անցել 2014 թվականին՝ 33 տարվա դիվանագիտական կարիերայից հետո: Այժմ նա ղեկավարում է «Քարնեգի» հիմնադրամը:










