«Ալ Կաիդա»-ի նոր ղեկավարն ավելի անողոք է, քան Ուսամա բեն Լադենը․ Mirror

17:27 • 25.02.21

«Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցը սպառնում է նույնքան վտանգավոր դառնալ, որքան 2001-ին սեպտեբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացրած ահաբեկչական գործողությունների ժամանակ էր, գրում է Mirror-ը՝ նշելով, որ ահաբեկչական ցանցն իր համար ընտրել է նոր, ավելի անողոք առաջնորդ, որը հայտնի է «Վրեժի սուր» մականունով։

Նշվում է, որ Սաիֆ ալ Ադելը «Ալ Կաիդա»-ի նոր ղեկավարն է, որը ձեռնամուխ է եղել «Իսլամական պետության» գրոհայինների հավաքագրմանը և պատրաստում է ամբողջ Արևմուտքում ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Ինչպես գրում է պարբերականը, եգիպտական ծագմամբ 60-ամյա նախկին զինվորականը «անողոք և արյունարբու է»։

Նշվում է նաև, որ տարիներ շարունակ շրջանառվում է այն վարկածը, որ 2011 թվականին՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո նրան փոխարինած Զավահիրին մահացել է և Սաիֆ ալ Ադելի՝ ահաբեկչական ցանցի ղեկավար դառնալը հաստատում է այդ փաստը։

Պարբերականի աղբյուրների վստահմամբ՝ «ի տարբերություն Զավահիրիի՝ Սաիֆ ալ Ադելն, ամենայն հավանականությամբ, կգործի Ուսամա բեն Լադենի նման կամ ավելի դաժան»։

Նշվում է, որ բրիտանացի և ամերիկացի լրտեսական գործակալությունները տարիներ շարունակ հետևել են Սաիֆի տեղաշարժերին, քանի որ նա վերջին երեք տասնամյակների ընթացքում ներգրավված է եղել «Ալ Կաիդա»-ի ահաբեկչական գործողություններին։