Կուրցը կողմ է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար Եվրոպայում «կանաչ անձնագրերի» ներդրման օգտին

09:55 • 25.02.21

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպայի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար «կանաչ անձնագրերի» ներդրումը քաղաքացիներին կրկին հնարավորություն կտա ճանապարհորդել Եվրամիության երկրներում: Այս մասին ասված է քաղաքական գործչի Twitter-ի էջում հրապարակված տեսագրության մեջ։

Կուրցն առաջարկել է նման «անձնագրեր» տրամադրել այն մարդկանց, որոնք կա՛մ պատվաստվել են COVID-19-ի դեմ, կա՛մ վարակված են եղել և ապաքինվել են, կա՛մ վերջին շրջանում թեստ են հանձնել, որը բացասական է եղել։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա վերադառնալ համեմատաբար նորմալ կյանքին։

«Նման համակարգ է գործում Իսրայելում, ուստի ես ակնկալում եմ, որ մենք դա կիրականացնենք Եվրոպայում»,- հավելել է քաղաքական գործիչը:

Կանցլերը մտադիր է իր առաջարկը հնչեցնել ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ եթե իր առաջարկը ԵՄ-ում հավանություն չստանա, «կանաչ անձնագրերի» գաղափարը կիրագործի Ավստրիայում և հարևան երկրներին կառաջարկի մասնակցել այդ նախագծին: