Պարեկային ոստիկանության 10 մեքենաներն արդեն Երևանում են, համոզվել ենք, որ համապատասխանում են չափորոշիչներին. փոխոստիկանապետ (տեսանյութ)

11:51 • 25.02.21

Նոր պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաների ստացման գործընթացը ներկայումս ընթանում է, որոշակի խնդիրներ առաջացել են, տեխնիկական սարքավորումները, որոնք պատրաստվում ենք ներդնել տվյալ մեքենաներում, որոշակի խնդիրներ էին առաջացնում։ Ըստ էության, այդ խնդիրը լուծվել է, շարժիչի հետ կապված խնդիր չկա,  միացման հետ կապված որոշակի խնդիրներ էին, որոնք կարգավորվել են. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե մրցույթը շահել է «Շկոդա» ընկերությունը, սակայն տեխնիկական առումով չի համապատասխանում ոստիկանության ներկայացրած պահանջներին, հատկապես էլեկտրական սարքավորումներն, որոնք պետք է մեքենաների մեջ լրացուցիչ տեղադրվեին:

«Լիովին նոր մոդելի մեքենաներ են, որոնք տեղափոխվելու են Հայաստանի Հանրապետություն, ձեռք է բերվում ընդհանուր 150 ավտոտրանսպորտային միջոց, տասը Երևանում են, համոզվել ենք, որ համապատասխանում է չափորոշիչներին, այդ տասը մեքենաներն անհրաժեշտ էին, որպեսզի պարեկային ծառայության ներկայիս սովորողները կարողանան իրենց դասընթացների ժամանակ օգտագործել այդ մեքենաները»,- նշեց փոխոստիկանապետը:

 Հարցին, թե ոստիկանությանը մեղադրում են բողոքի ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու ու քաղաքական պատվեր իրականացնելու մեջ, Ֆիդանյանը պատասխանեց, որ անհամաչափ ուժի հետ կապված՝ առերևույթ դեպքերով նշանակված է ծառայողական քննություն, արդյունքների մասին կտեղեկացնեն, բայց շատ դեպքերում՝ «շոուներ են սարքում»:

Հարցին, թե քանի՞ ոստիկան է ապահովում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, Ֆիդանյանն ասաց, որ չի կարող ասել, իրենք ապահովում են հասարակական անվտանգությունը:

Հարցին, թե ոստիկանությունում պնդում են, որ երբևէ նման բիրտ ուժ չի կիրառվել, հաշվի առնելով նաև Իշխան Սաղաթելյանի դեպքը, Ֆիդանյանը նշեց՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ չի կիրառել, եթե անձը կամավոր մոտենում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, խնդիր չի առաջանում, իսկ եթե փորձում է դիմադրել և չենթարկվել ոստիկանի օրինակական պահանջին, բերման է ենթարկվում, որոնք իրավական հետևանքներ են և կարող են առաջացնել համապատասխան պատասխանատվություն: