Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին և չդառնա Նիկոլի թատրոնի մի մասը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակցիայի ժամանակ:
«Այստեղի հավաքված հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմում ենք նաև Ոստիկանությանը, այսօր այդ դավաճանը, երբ սկսեց քայլել փողոցներով, տասնյակից ավելի ոստիկաններ շղթա կազմած նրան ուղեկցում էին, որ ապահովեին այդ բազմամարդ երթը: Պարոնա՛յք ոստիկաններ, վճռական պահն է՝ ձեր խոսքն ասելու, դուք Նիկոլի թատրոնի մասը դառնալու իրավունք չունեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ իշխանությունը ժողովրդինն է, և հիմա ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, քանի որ հետագայում նրանց չեն ներելու:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, որտեղ ժողովուրդն է, այնտեղ իշխանությունն է, ձեր պարտքն է լինել այստեղ և պաշտպանել օրենքը, միացեք այսօրվա զինվորական սպայակազմին, միացեք ժողովրդին, միացեք զինվորականների հայտարարություններին, հետո ձեզ որևէ մեկը չի ներելու և ձեր դեմքին չեն նայելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը:










