«Նրան պահում են առանց արտաքին աշխարհի հետ կապի»․ Դուբայի արքայադուստրը բրիտանական ոստիկանությանը գաղտնի նամակով խնդրել է վերաբացել ավագ քրոջ առևանգման գործը
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը` արքայադուստր Լատիֆան, բրիտանական ոստիկանությանն ուղղված գաղտնի նամակում խնդրել է վերաբացել իր ավագ քրոջ առևանգման գործը՝ պնդելով, որ հայրը 38-ամյա արքայադուստր Շամսային փակի տակ է պահում։
Արքայադուստր Շամսայի մասին, որը 2000 թվականին՝ 18 տարեկանում, փախուստ էր դիմել, ապա Դուբայի ղեկավարի ինքնաթիռով կրկին Դուբայ էր վերադարձվել, ավելի քան 20 տարի է՝ տեղեկություն չի հաղորդվում։
BBC-ին հատնի է դարձել արքայադուստր Լատիֆայի՝ բրիտանական ոստիկանությանն ուղղված նամակը, որում, մասնավորապես, ասվում է․ «Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա գործին, քանի որ դա կարող է նրան ազատություն տալ։ Ձեր օգնությունը և ուշադրությունը կարող են ազատել նրան: Նա իսկապես սիրում է Անգլիան, նրա ամենաջերմ հիշողությունները կապված են Անգլիայում ապրելու տարիների հետ։ Իսկ հիմա նրան պահում են առանց արտաքին աշխարհի հետ կապի»։
Ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է արքայադուստր Լատիֆայի նամակը և կուսումնասիրի այն։
Ավելի վաղ BBC-ի տրամադրության տակ էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ 35-ամյա արքայադուստրը նշում էր՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։
«Ես պատանդ եմ։ Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել էր նա։
Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։
Անցյալ տարի Լոնդոնի Բարձր դատարանը նրա հորը՝ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին, մեղավոր էր ճանաչել երկու դուստրերի՝ արքայադուստր Շամսային և արքայադուստր Լատիֆային առևանգելու համար։
Դատավորը Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի գործողությունները որակել էր ոչ միայն թագավորության, այլև միջազգային իրավունքի խախտում։
Դուբայի կառավարիչը և Դուբայի թագավորական դատարանը հայտարարել էին, որ դուստերերն անվտանգ են և գտնվում են իրենց ընտանիքի սիրող հոգածության ներքո։
BBC-ն նաև հայտնում է, որ արքայադուստր Լատիֆային մոտ 30 ոստիկան է հսկում։ Նշենք, որ նա Դուբայից փախել էր 2018 թվականի փետրվարին, սակայն հաջորդ ամիս նրան բռնի հետ էին վերադարձրել։










