Ավելի քան 23 000 կգ. Բելգիայի և Գերմանիայի ոստիկանություններն առգրավել են Եվրոպայում կոկաինի խոշորագույն խմբաքանակը (լուսանկարներ)
Միջազգային գործողության շրջանակներում Գերմանիայի և Բելգիայի իշխանություններն առգրավել են շուրջ 23 000 կիլոգրամ կոկաին, որն արժե մի քանի միլիարդ եվրո, գրում է CNN-ը, նշելով՝ թմրանյութի առգրավումը Եվրոպայում մինչ օրս շրջանառվող կոկաինի ամենամեծ խմբաքանակն է:
Գործողությունը տևել է մոտ մեկ շաբաթ: Այն ավարտվել է Նիդեռլանդների Վլարդինգդեն քաղաքից 28-ամյա մի տղամարդու ձերբակալությամբ, որի հասցեն նշված է եղել առաքանու վրա:
Գերմանացի ոստիկանները հնարավոր հանցագործության մասին տեղեկացել են իրենց հոլանդացի գործընկերներից: Տեղեկատվությունը փոխանցվել է երկրի մաքսատների աշխատակիցներին: Համբուրգ նավահանգստային քաղաքի մաքսային ծառայողներին հաջողվել է որոշ ժամանակ անց հայտնաբերել այն տարաները, որոնց մեջ էլ եղել է թմրանյութը: Դրանք միախառնված են եղել շինարարական ծեփոնի հետ:
«Ընդհանուր առմամբ 16 174 կգ կոկոաինը բեռնված է եղել 1728 շինարարական տարաների մեջ՝ միախառնված ծեփոնի հետ: Դրանք Գերմանիա են ուղարկվել Պարագվայից Մարոկկոյի Տանժեր և Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքների միջոցով», - հայտնել են տեղի ոստիկանությունից:
Միևնույն ժամանակ, Բելգիայի ոստիկանության աշխատակիցները ևս հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով երկիր կոկաին մտցնելու դեպք: Մասնավորապես, Պանամայից ուղարկված 7200 կգ կշռող թմրանյութը փորձ է կատարվել երկիր մտցնել բելգիական Անտվերպեն քաղաքի միջոցով: Այն հայտնաբերվել է արքայախնձոր, թյունիկ (ձկան տեսակ), կաղամար և փայտ տեղափոխող տարաների մեջ:












