Փաշինյանը վերջին հնարավորությունն ունի հեռանալու քաղաքական ճանապարհով՝ առանց ցնցումների. Կոմերսանտ  

20:45 • 25.02.21

Հայաստանում այսօր տեղի ունեցող ցույցերին անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ Փաշինյանը հնարավորություն ունի հեռանալու քաղաքական ճանապարհով՝ առանց ցնցումների:

Պարբերականը շեշտում է, որ այսօր փողոց են դուրս եկել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները: «Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը հինգշաբթի անսպպասելի զարգացում է ստացել, որը երկրին սպառնում է նոր լուրջ ցնցումներով»,- գրում է «Կոմերսանտը»՝ հիշատակելով, որ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջ է ներկայացրել Զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Աղբյուրը հիշեցրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի մասին Փաշինյանի հայտարարությունը, որի մեկնաբանության պատճառով աշխատանքից հեռացվել էր ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:  

Այդ որոշմանը չի համաձայնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ինչից հետո Փաշինյանը պահանջել է նաև վերջինիս հրաժարականը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»: