Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ-ն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի ներքին գործ
Փետրվարի 25-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:
Արա Այվազյանը տեղեկացրել է հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերջին զարգացումների մասին:
Ռուսական կողմից ընդգծվել է, որ իրենք իրավիճակը գնահատում են որպես Հայաստանի ներքին գործ, և հույս ունեն, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:
Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։










