Թեհրանում իջած օդանավի սեփականատերը լիտվական Magnetic Leasing վարձատուն է, այն վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է 2021-ի հունվարին. ավիացիոն փորձագետ
EK-FAA B737-300 օդանավի սեփականատերը Լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղևորվել է Տալլին`տեխնիկական սպասարկման, հետո Վառնա`նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա՝ նույնպես տեխսպասարկման. այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից և իջել Թեհրան` 21/02/2021-ին։
Ըստ իմ աղբյուրի՝ օդանավը դեռևս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։
Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։
Ինչ ասեմ,մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից:
Չնայած`ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս»,- գրել է Խաչատրյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:
Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։
Վերոնշյալին արձագանքելով՝ ՔԱԿ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:
Ավելի ուշ հայտարարություն տարածեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը առ այն, որ Boeing 737-300 օդանավը Էստոնիայից պետք է թռներ Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, սակայն թռել է և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել:










