Բացի թուրքից, ոչ ոք չսատարեց Նիկոլ Փաշինյանին. թուրքը խառնվում է մեր ներքին քաղաքականությանը․ Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ)

17:25 • 26.02.21

Պետք է խորապես մտածել, թե ինչ կատարվեց մեզ հետ. պատերազմը, հետպատերազմյան հետևանքները, բացի Արցախի հանձնումից, նաև Հայաստանի տարածքների հանձնումը, Փաշինյանը ձգտում էր բախումների, որովհետև Հանրապետության հրապարակում իր ելույթը բռնության կոչեր էր պարունակում:

Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Պարբերաբար ասում էր՝ վերջ թավիշին, դա ի՞նչ էր նշանակում, այսինքն՝ ի՞նչ, բռնությո՞ւն, բա ո՞ւր, բա ի՞նչ, կրակե՞լ, փորձվեն: Ուղղակի հակառակ դաշտում հայտնված մոլորվածներն այսպես, թե այնպես մեր հայրենակցներն են, շատ խորապես պետք է գիտակցեն այն աղետը, որը հիմա տիրում է»,- ասաց նա և հավելեց, որ նրանք երեկ էլ չհասկացան, որ բացի թուրքից ոչ ոք չսատարեց Նիկոլ Փաշինյանին:

Ըստ նրա՝ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի, այս ամենը տանում է դրան: «Այսքան զոհ տվեցինք, լավ էլի, չե՞ն գիտակցում: Էլ ի՞նչ անի այս իշխանությունը, որ ժողովուրդը գիտակցի, հրաժարվի նրանցից, բռնել այն ուղին, որը մեզ կտանի Հայաստանի սահմանից դուրս հաղթանակների, դուրս գանք այս խայտառակ իրավիճակից, արժեզրկված իրավիճակից: Թուրքը խառնվում է մեր ներքին քաղաքականության մեջ, նա ո՞վ է, տականքը»:

Հովհաննիսյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, բայց՝ առանց Նիկոլ Փաշինյանի: