Ավստրալիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջինը կվերացնի Boeing 737 MAX-ի թռիչքի արգելքը

12:16 • 26.02.21

Ավստրալիայի ավիացիոն կարգավորիչն այսօր հայտարարել է, որ կվերացնի Boeing Co 737 MAX ինքնաթիռների չօգտագործմամբ պայմանավորված ավիահաղորդակցության երկամյա արգելքը, գրում է Reuters-ը: 

Նշվում է՝ Ավստրալիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դարձել է առաջին երկիրը, որը նման որոշում կկայացնի: 

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բրազիլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կարգավորիչները ևս որոշում են կայացրել թույլատրել ինքնաթիռների թռիչքը՝ տեխնիկական փոփոխությունների, վերազինումների և օդաչուների լրացուցիչ դասընթացներից հետո:  Սակայն բազմաթիվ երկրներ դեռևս արգելում են ինքնաթիռի կիրառումը։ Չինաստանն առաջին պետությունն էր, որը 2019 թվականին արգելել է ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով և դեռևս հայտնի չէ, թե այն երբ կվերականգնվի։

Չինաստանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, Հնդկաստանում և Ֆիջիում ավիաընկերությունները շահագործում էին 737 MAX ինքնաթիռները՝ մինչև դրանց վթարները, որոնցից առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին Ինդոնեզիայում։

Ընկերության փոխնախագահ Դարեն Հալսթն այս առնչությանբ նշել էր, որ ինքը լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ ինքնաթիռի պահանջարկը 2021–2039 թվականներ համար կանցնի 4400–ը, որը կարժենա ավելի քան 710 միլիարդ դոլար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Boeing Co ընկերությունն աշխատում է կարգավորիչների և հաճախորդների հետ՝ 737 MAX տեսակի ինքնաթիռն Ասիայի երկինք վերադարձնելու համար: