ՀՀ նախագահը ժամը 15:40 կընդունի ընդդիմության ներկայացուցիչներին
Այն մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայով, ցանկություն ունեն հանդիպել ՀՀ նախագահի հետ: Այս մասին նախագահական նստավայրի մոտ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգ են մեր երկրում օրինականության և անվտանգության համակարգով, ովքեր մտահոգված են Զինված ուժերի համար, հիմա նախագահական նստավայրի մոտ ենք և դիմում ենք հանրապետության նախագահին՝ պատվիրակության հետ հանդիպման առաջարկով, որպեսզի փոխանցենք մեր մտահոգությունները և սպասենք նաև նախագահի աշխատակազմի արձագանքին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հաստատելու կամ մերժելու համար։
Քիչ անց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ նախագահը պատրաստ է հանդիպել ընդդիմության պատվիրակության հետ:
«15:40 նախագահը կընդունի մեր պատվիրակությանը, մենք այդ ժամին պատվիրակությունով կհանդիպենք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, իսկ դրանից հետո Բաղրամյանի հրապարակում կհայտնենք ձեզ արդյունքների մասին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:










