Պատերազմի ընթացքում ՌԴ հայերը դեսպանատան խորհրդով հումանիտար օգնություն են ուղարկել «Իմ քայլը»-ի Հայկ Սարգսյանի անունով, բայց բեռի վերաբերյալ ստացականները ստանալ չի հաջողվել․ ռուսաստանաբնակ հայ
44-օրյա պատերազմի ընթացքում ՌԴ «Հայեր միացեք» նախաձեռնությունը դեսպանատան խորհրդով հումանիտար օգնությունն ուղարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, բայց բեռի վերաբերյալ ստացականները ստանալ չի հաջողվել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ռուսաստանաբնակ հայ, «Հայեր միացեք» նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը՝ նշելով, թե դեսպանատնից ասել են, որ որպեսզի խնդիր չառաջանա, պետք է բեռն ուղարկել պատգամավորի անունով։
Նա նշեց, թե բեռը ՌԴ-ից ուղարկելուց հետո ինքը ևս եկել է ՀՀ, սակայն բեռի ստացման վերաբերյալ իրեն ստացական չեն հանձնել։
«Մոտավորապես 4 բեռնատար ապրանք է լինում, ամեն բեռնատարը՝ մոտ 21 տոննա։ Եղել է ամեն ինչ՝ հագուստ, սնունդ։ Ստացական չեն տցվել, ասացի՝ այդպես ոնց կլինի՝ 3700 մարդու պետք է պատասխան տամ։ Ամբողջ ընթացքում մոտ 1200 տոննա հումանիտար բեռ ենք ուղարկել ՀՀ»,-ասաց նա՝ հավելելով, թե հետագայում պարզել են, որ պարտադիր պայման չէր օգնությունն ուղարկել պատգամավորի անունով, որ խնդիր չառաջանար։
Ռուսաստանաբնակ հայը նաև հայտնեց, թե Հայկ Սարգսյանին դիմել են ստացականի համար, չի մերժել, սակայն այդ պահին հիվանդ է եղել։
«Ամբողջ պատերազմի ընթացքում մեզնից կտրել ենք, բացի հումանիտար օգնությունից նաև գումար ենք փոխանցել հիմնադրամին։ Մենք այն մարդկանցից ենք, որ մինչև վերջ պետք է գնանք, ու բոլորը պիտի պատասխան տան, թե ինչ բեռ է եկել ու ինչ քանակությամբ»,-ասաց նա։










