Պենտագոնը հաստատել է, որ Բայդենի հրամանով ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին

06:28 • 26.02.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին:

«Ավիահարվածների արդյունքում քանդվել է մի քանի օբյեկտ, որոնք օգտավգործվել են իրանամետ մի շարք խմբավորումների, այդ թվում՝ «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սաիդ ալ-Շուհուդա» խմբավորումների կողմից»,- ասել է Քիրբին:

ԱՄՆ-ը վստահ է, որ Սիրիայում ավիահարված են հասցվել հենց շիա ուղղվածության խմբավորման, որն ավելի վաղ հարձակում էր գործել Իրաքում, այդ թվում՝ ամերիկյան շահերի դեմ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող օբյեկտների է ավիահարվածներ հասցրել, որոնք, հավանաբար, Իրանի Զինված ուժերին են պատկանում:

Հաղորդվում էր, որ ավիահարվածը Իրաքի տարածքում ԱՄՆ-ի տարբեր օբյեկտներին հասցված հարվածների պատասխանն է եղել:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ավիահարված հասցնելուն:

Փետրվարի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտու», որտեղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն են տեղակայված, հրթիռային հարվածներ էին հասցվել: Տուժածներ չէին եղել:

Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Էրբիլում, որտեղ ամերիկյան ռազմական բազան է տեղակայված, ևս հրթիռային հարվածների էր ենթարկվել: