Մոսկվայում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիա է տեղի ունեցել
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին՝ վերջինիս սպանության վեցերորդ տարելիցի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, քաղաքացիները ծաղիկներ են դրել Մոսկվայի Մեծ Քարի կամրջի վրա՝ Նեմցովի իմպրովիզացված հուշահամալիրի մոտ, որտեղ սպանվել է գործիչը:
Ոգեկոչման ակցիային մի քանի հազար բնակիչ է մասնակցել, որոնց թվում՝ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցով խորհրդի անդամ Նիկոլայ Սվանիձեն, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի կինը՝ Յուլիան, Նեմցովի անվան հիմնադրամի նախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլա Ռիբակովը:
Բացի այդ, Նեմցովի հիշատակը հարգել են նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը, ինչպես նաև ԵՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մեծ Քարի կամրջրի վրա, որտեղ ամեն տարի ոգեկոչման միջոցառում է տեղի ունենում:










