Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը (տեսանյութ)

11:16 • 01.03.21

Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմը տեղեկացնում է, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։

«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասված է Կոտայքի թեմի տարածած հայտարարության մեջ:

Քահանայի վախճանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը. 

«Երկնքի ճամփորդ դարձավ մեր սիրելի Տեր Կյուրեղը՝ ուսուցիչը, եղբայրը, հոգևոր հայրը և հարազատը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատաել: Երջանիկ եմ, որ ճանաչել եմ այս մեծ հային, հոգևորականին և վայելել նրա իմաստուն խորհուրդներն ու ներկայությունը։ Օրեր առաջ կրկին հանդիպեցինք․․․։ Շատերն են նրա միջոցով Աստծուն ճանաչել և ճշմարիտ ուղին բռնել։ Բառերն անզոր են․․․։ Երկինքը հարստացավ, իսկ երկիրն աղքատացավ։ Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր․․․»,- գրել է վարդապետ Բաղումյանը:

Նշենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վախճանվել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․  ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելա­պատնեշին և գլորվել ձորը (մոտ 150 մ)․ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Գ․Դ․-ն (ծնված 1947 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փա­կանը, այնուհետև ուղևորի դին մոտեցրել (մոտ 700 մ) շտապօգնության ավտոմեքենային։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Օ․-ն (ծնված 1947 թ.) հոսպիտալացվել են Չարենցա­վանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։