Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Քիչ առաջ գերագույն գլխավոր խելագարը մյուս հրապարակում հայտարարել է, որ ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ժողովրդից, իր գործած բոլոր սխալների համար: Եկեք, շատ հստակ ասենք՝ Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությունով չենք բավարարվելու, դու պետք է հեռանաս և վերջ:
Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այսօր երթ չանելու պատճառն այն է, որ չեն ուզում տրվել սադրանքների, քանի որ միայն պինդ, ամուր, հետևողական քայլերով կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
«Այսօր դուք ապացուցեցիք, որ մենք գնալով ավելանում ենք, այսօր այս հրապարակ մարդիկ եկել են իրենց կամքով, որևէ մեկին չի պարտադրվել: Մենք շարունակում ենք, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, մեր տունն է, մեր խրամատն է, եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք: Գիշերել այս հրապարակում, ամուր պահել այս հրապարակը, այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ»,– ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, որ չերեքշաբթի օրը ԱԺ-ում պետք է անցկացվի Կառավարության հետ հարցուպատասխան և նույն օրը՝ չորեքշաբթի, ժամը 16:00-ին հրավիրում են հանրահավաք, որպեսզի իրենց ձայնը հասցնեն խորհրդարանին: «Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»։










