Զինված ուժերը պահպանել են քաղաքական չեզոքությունը, ռազմական հեղաշրջման մասին խոսք անգամ լինել չի կարող. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

17:24 • 01.03.21

Եթե բանակը հեղաշրջման փորձ աներ, ապա նրանք մուտք կգործեին Ազգային ժողով և ժամանակավոր զինվորական ղեկավարման կետ կստեղծեին, բայց այդ ամենը չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի ժամանակ:

«Ռազմական հեղաշրջման պարագայում զորքը կլիներ քաղաքում, ճանապարհները փակ կլինեին զինվորական տեխնիկայով, Կառավարության, ԱԺ-ի մուտք ու ելքը փակ կլիներ, զինվորականները կմտնեին ԱԺ և կասեին՝ զինվորականները հիմնում են ղեկավարման ժամանակավոր կետ և իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, բայց նման բան տեղի չի ունեցել և տվյալ խոսակցությունները եղել են պարզապես շահարկումներ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Արդարադատության նախկին փոխնախարարը նաև հավելեց, որ Զինված ուժերը պահպանել է քաղաքական չեզոքություն և քաղաքական չեզոքությունը չէր պահպանվի, եթե զինված ուժերը հարեին որևէ քաղաքական ուժի:

«Ըստ Սահմանադրության՝ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի, բայց քաղաքական չեզոքություն ասվածն այն չէ, երբ ասում են՝ վարչապետ, դու քո առաջ դրած պարտականությունները չես անում: Քաղաքական չեզոքությունը ԶՈՒ-ի կողմից պահպանվել է, չէր պահպանվի, երբ Զինված ուժերը հարեր որևէ քաղաքական ուժի»,-  հավելեց նա։


Արթուր Հովհաննիսյանը նաև մեկնաբանեց Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը՝ նշելով տվյալ քայլը հակասահմանադրական է և Օնիկ Գասպարյանը, ըստ օրենքի, պետք է պաշտոնավարի 5 տարի:

«Օնիկ Գասպարյանի հեռացումը հակասահմանադրական է, կան հստակ առանձնահատկություններ բարձրագույն սպայական կազմի նշանակման, ազատման և առանձին կարգավորում ԳՇ պետի նշանակման մասով, որտեղ, ըստ օրենքի, նշանակումն արվում է 5 տարով»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը նաև հավելեց, որ եթե Օնիկ Գասպարյանի կալանավորեն ռազմական հեղաշրջման փորձի համար, ապա դա կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնից ազատելու համար:

«Ակնհայտ է, որ այն հայտարարությունը, որը արել են հանձինս ԳՇ պետի որևէ հանցագործություն չի պարունակում, բայց հիմքեր են ստեղծում այդ անձանց պաշտոնազրկելու համար, քանի որ եթե Օնիկ Գասպարյանին կալանավորեն, ապա դա հիմք է նրան աշխատանքից ազատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ սահմանադրական կարգը տվյալ գործողությամբ ևս մեկ անգամ տապալված է և ստեղծված իրավիճակի պատճառով ՀՀ զինված ուժերը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունները:

«Եթե իշխանություններն իրենց անգործությամբ հասցնում են այն վիճակի, որ Զինված ուժերը չի կարողանում պաշտպանել մեր անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը, դա արդեն իսկ խոսում է սահմանադրական կարգի տապալման մասին»,- մեկնաբանեց Արթուր Հովհաննիսյանը: