Ֆրանսիայում 65-74 տարեկանների համար հաստատվել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

17:27 • 02.03.21

Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 65 տարեկանից բարձր մարդկանց համար, հայտնում է BBC –ին։

Անցյալ ամիս Ֆրանսիան հաստատել էր պատվաստանյութի կիրառումը 65–ից ցածր տարիքի մարդկանց համար, իսկ այժմ նաև 65-74 տարեկանների, այդ թվում` նրանց համար, ովքեր ուղեկցող հիվանդություններ ունեն։ Որոշումը հիմնված է ուսումնասիրությունների վրա։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանն ասել է, որ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստանյութը կարող են ստանալ հիվանդանոցներում և դեղատներում` մի քանի օրվա ընթացքում։ 75 տարեկանից բարձր մարդկանց առայժմ առաջարկվում է Pfizer և Moderna տեսակի պատվաստանյութեր։

Հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ AstraZeneca պատվաստանյութը «գրեթե անարդյունավետ է» ավելի մեծ տարիքային խմբերի անձանց համար, ինչը ժամանակին կտրականապես մերժվել է Միացյալ Թագավորության պաշտոնյաների և գիտնականների կողմից: