Կա՛մ պետք է ներողություն խնդրեք խորհրդի նիստին չներկայանալու համար, կա՛մ հրաժարական տաք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի քննարկման ժամանակ նախքան հերթական նիստերի օրակարգը հաստատելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, բայց նիստը տեղի չունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չներկայանալու և քվորումի բացակայության պատճառով:
«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և մեզ իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց դուք չեք կատարում ձեր պարտականությունները: Չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, բարկանում եք:
Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց՝ իր իրավունքների համատեքստում է չներկայանալ ԱԺ նիստերին քաղաքական կամ առողջական պատճառներով:
«Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով և ձեր ԱԺ հրավիրած նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:










