Պետական տուրքն ավելացնելով՝ դատարան դիմող քաղաքացիների քանակն իջեցնելը սխալ ճանապարհ է. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

13:29 • 02.03.21

Մենք խոսել էինք այն մասին, որ դատարան դիմելու համար պետական տուրքի հետ կապված որոշակի փոփոխություններ կատարվեն, բայց էլի լուծումները հակառակ կողմից են գալիս: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով դատարան դիմելու համար պետական տուրքի նվազագույն վճարի բարձրացմանը:

«Փորձում եք պետական տուրքը ավելացնելով՝ իջեցնել դատարան դիմող քաղաքացիների քանակը, կամ ինչ-որ տեղ դատարանի ծառայությունների փոխհատուցման հարցը լուծվի, սա սխալ ճանապարհ է, քանի որ սա ոչ թե միայն տեխնիկական մակարդակով է սխալ, այլ նաև իրավական մակարդակով, քանի որ առաջացնում է հակասահմանադրականության խնդիր»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ ստորին շեմի բարձրացումն անընդունելի է: «Եթե հանկարծ այս չարաբաստիկ նախագիծն ընդունվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ունենալու ենք խնդիրներ հենց դատարանի մատչելիության իրավունքի խախտման հետ կապված, սրա մասին պետք է մտածեք: Փոփոխություններ կատարեք հենց այդ տրամաբանությամբ, որ հանկարծ մատչելիության իրավունքը մենք չոտնահարենք»,-ասաց նա: