Եթե ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման հրամանագիրը չի ստորագրվում, ինչո՞ւ չի վիճարկվում ՍԴ-ում. եթե փորձում ենք ՍԴ շղարշով փակել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության թեման, ինչի՞ ենք հասնելու. Թ. Թովմասյան

16:28 • 02.03.21

Մինչև հիմա մենք՝ որպես հանրության ներկայացուցիչներ, ես՝ որպես պատգամավոր, չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչից է առաջացել ԳՇ անհամաձայնությունը Կառավարության հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ենթադրելի էր, որ եթե կար անհամաձայնություն, դա պետք է լիներ առնվազն պատերազմից հետո, կամ որոշ ժամանակ հետո, բայց այս ընթացքում կարծես թե սինխրոն մտածողությամբ ամեն ինչ առաջ է գնացել, և Օնիկ Գասպարյանը եղել է իշխանության ամենավստահելի անձանցից մեկը, ի՞նչ է պատահել, որ հանկարծ հիմա մենք պահանջում ենք Օնիկ Գասպարյանի հրաժարականը»,-ասաց նա՝ նշելով, թե պետք է այդ պատճառը հայտնի լինի, ու նաև այն, թե ինչ եղավ, որ Օնիկ Գասպարյանը Կառավարության դեմ դուրս եկավ:

«Այդ ի՞նչ պիտի արվեր, որ Օնիկ Գասպարյանը փորձում էր կանխել, ինչպե՞ս է արվել, կամ ի՞նչ էր պլանավորվում արվել»,-հավելեց նա՝ նշելով, թե մեծապես այս հարցերի պատասխաններից է կախված գործընթացի հանգուցալուծումը:

«Ուղղակի ցանկությամբ այսօր ԳՇ պետին ուղղակի փոխելը ես համարում եմ խիստ վտանգավոր: Ինձ համար շատ կարևոր է բանակի կայունությունը, եթե Օնիկ Գասպարյանը գնում է, իր հետևից գնում են մի շարք գեներալ–գնդապետներ, բարձրաստիճան սպաներ, ովքեր նրա հետ համակարծիք են, այս ժամանակահատվածում նրանց ովքե՞ր են փոխարինելու, մեր սահմանների հարց ինչպես է լուծվելու: Այսինքն՝ այս հերթական արկածախնդրություն ես չգիտեմ՝ ինչով կավարտվի»,-ասաց նա՝ նշելով, թե ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն այնպիսի քայլեր էր իրականացրել բանակի կառուցվածքի մասով, որ դրանք վատ պտուղներ են տվել, և, ըստ պատգամավորի, նոր «արտակդավթյաններ» պետք չեն:

Ըստ Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՀՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելու և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու որոշումը երկակի էր:

«Ես չհասկացա՝ եթե հրամանագիրը չի ընդունվում, հետ է ուղարկվում, ապա այն ինչո՞ւ չի վիճարկվում ՍԴ-ում, այլ վիճարկվում է ինչ-որ օրենք: Եթե մենք փորձում ենք ՍԴ շղարշով փակել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության թեման, ինչի՞ ենք մենք հասնելու»,-նշեց նա:

Հարցին՝ նախագահը կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանի հետ զրույցների ընթացքում ճնշումների ենթարկվել, Թովմասյանն արձագանքեց, թե անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանն ավելի քան վստահ հայտարարել է, որ որևէ սադրանքի, քաղաքական հոսանքի, սպառնալիքի չի ենթարկվելու և իրականացնելու է իր՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները: «Հիմա, իր խոսքերը լսած լինելով, դժվարանում եմ հասկանալ՝ ինչպես ինքը կարող էր ենթարկվել ճնշման, սադրանքի կամ որևէ այլ ազդեցության»,-ասաց նա:

Պատգամավորն անդրդարձավ նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդկանց քանակ ապահովելուն՝նշելով, թե այն, ինչ նախկինում եղել է քննադատելի, այժմ չի կարող լինել գովելի:

Ինչ վերաբերում է իշխանության հանրահավաքի ընթացքում հնչած ելույթներին ու «դըմփ-դըմփ-հու»-ին՝ պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչի վրա են ուրախացել, երբ մեր հայրենիքի կեսը հանձնել ենք թշնամուն: Տարօրինակ էր ինձ համար այդ պահվածքը, հրճվանքը»:

Հարցին, եթե բախումների անգամ մեկ տոկոս հավանականություն կա, արդյո՞ք այդ դեպքում իշխանությունը պետք է հանրահավաք հրավիրեր, Թովմասյանն արձագանքեց. «Բախումների պատասխանատուն միմիայն իշխանությունն է և պարտավոր է ապահովել մարդկանց անվտանգությունը»:

Պատգամավորն անդրադարձավ նաև գերիների վերադարձի խնդրին՝ նշելով, թե ինքը, իր գորընկերներ Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը նախաձեռնել են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ, որ խորհրդարանն ընդունի՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Նա նշեց, թե անհրաժեշտություն կա, որ ԱԺ-ն՝ որպես մեկ միանական մարմին, նման դատապարտող հայտարարություն ընդունի:

«Ես լիահույս եմ, որ ԱԺ-ում չի լինելու մի պատգամավոր, որ դեմ կքվեարկի հայտարարության ընդունմանը»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում այլևս գերիներ չկան, Թովմասյանն ասաց, թե դիվանագիտական լուրջ աշխատանք է պահանջում, և խորհրդարանն ու ԱԳՆ-ն վստահեցնում են, որ անում են ամեն ինչ, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի գործողություները արժանացնի համապատասխան գնահատականի: