Քանի որ իմ հրաժարականի մասին է խոսքը գնում, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը, երբ մտածելու եմ այդ հարցի մասին. ԲԴԽ նախագահը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
Դուք իհարկե ունեք արդարանալու իրավունք, բայց խնդրում եմ, մի՛ վիրավորեք մեր բանականությունը, ինչ է նշանակում՝ իմ հայտարարությունը չի ունեցել քաղաքական կոմպոնենտ: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
«Դուք արել եք հայտարարություն՝ վկայակոչելով քաղաքական անձի վարչապետի խոսքերը վնգստացող դատավորների մասին, ակնհայտորեն հղում անելով դրանց, իրոնիկ կերպով օգտագործելով այդ խոսքերը: Կարծում եմ ցանկացած բանական մարդու համար ձեր հայտարարությունը նմանվել է հետևայլին. դատավորներ ջան, պատերազմը ավարտվեց վատ արդյունքով, ԱԺ նախագահի դեմ մահափորձ տեղի ունեցավ, երկրում քաոսային իրադարձություններ են տեղի ունենում, այսքան դիմացել եք, ժամանակն է՝ մի՛ զսպվեք, կարող է ձեր կոչը ոչ թե զսպվելու կոչ էր, այլ չզսպվելու:
Պարոն Վարդազարյան, դուք, ըստ իս, տապալել եք ձեր առաքելությունը՝ որպես ԲԴԽ նախագահ: Դուք անցել եք քաղաքականության գիծը, դուք, իհարկե, իրավունք չունեք անցնելու, բայց մարդկայնորեն ձեր ընտրությունն է, բայց մի վիրավորեք մեր բանականությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ մտածե՞լ եք հրաժարական տալու մասին, իսկ եթե չեք մտածել, արդյոք չե՞ք կարծում որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց Ռուբինյանը:
Ռուբեն Վադրազարյանը նշեց, որ չի մտածել հրաժարականի մասին: «Իսկ թե ժամանակն է, թե ոչ, քանի որ իմ հրաժարականի մասին է խոսքը գնում, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը»,-ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե այդ կոչով ինչից էր ուզում զսպել դատավորներին, Ռուբեն Վարդազարյանն ի պատասխան՝ կրկնեց, որ սթափեցնող կոչ էր անում, որ դատավորները չտրվեն որևէ քաղաքական գործընթացի, մնան օրենքի սահմաններում և գործեն օրենքի գերակայության սկզբունքով: «Այլ կոմպոնենտ իմ կոչը չուներ: Անկախ նրանից, թե Ազգային ժողովում քանի անգամ կհնչի, թե իմ կոչը քաղաքական էր, իմ կոչը սթափեցնող էր: Ես ասել եմ դատավորներին՝ գործեք այնպես, որ այլևս ոչ մեկ մեզ նման ածականով չդիմի»,-հավելեց նա:










