«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում գործ հարուցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ լրագրողի սպանության պատճառով
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է ուղարկել Գերմանիայի գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի և Սաուդյան Արաբիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«2021 թվականի մարտի 1-ին «լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայց է ներկայացրել Կառլսրուեի Գերագույն դատարանի գլխավոր դատախազին՝ մանրամասնելով Սաուդյան Արաբիայում լրագրողների նկատմամբ մարդկության դեմ կատարված հանցագործությունները»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Դատական գործընթացը վերաբերում է 2018 թվականին սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիին և Սաուդյան Արաբիայում բանտարկված 34 լրագրողի: Հայտարարության մեջ խոսվում է նաև այն խոշտանգումների և սեռական բռնությունների մասին, որոնց ենթարկվել են լրագրողները: «Հայտարարության մեջ նկարագրված 35 դեպքերը բացահայտում են մի համակարգ, որը սպառնում է Սաուդյան Արաբիայում ցանկացած լրագրողի ազատությանը և կյանքին, և հատկապես նրանց, որոնք բացահայտ քննադատում են կառավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիմնական կասկածյալներ են նշվում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալման ալ Սաուդը, նրա նախկին խորհրդական Սաուդ ալ-Քահթանին և 3 այլ բարձրաստիճան պաշտոնյա: Նրանք մեղադրվում են Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցության և անցանկալի լրագրողների հետապնդումների պետական քաղաքականության նախապատրաստման համար:
Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել է: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:










