Որպեսզի երեխաները կարողանան արագ և անվտանգ դպրոց վերադառնալ. Բայդենը կոչ է արել պատվաստումների առաջնահերթությունը տալ ուսուցիչներին

10:52 • 03.03.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  նահանգային իշխանություններին կոչ է արել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումներում առաջնահերթությունը տալ ուսուցիչներին, որպեսզի երեխաները կարողանան արագ և անվտանգ դպրոց վերադառնալ, և ասել, որ մինչև մարտի վերջ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է առնվազն մեկ ներարկում ստանա:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Պատվաստումների առաջնահերթությունը ուսուցիչներին տալու որոշման հիմքում ընկած է աշակերտների ծնողների՝ դպրոցների վերաբացման պահանջը։

«Իմ մարտահրավերը սա է. մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մանկավարժ, դպրոցի անձնակազմի յուրաքանչյուր անդամ, գոնե մեկ ներարկում ստանա մինչև մարտի վերջ», - ասել է նա՝ նշելով, որ զգալի թվով ծնողներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց երեխաների առցանց ռեժիմով ուսուցմանն աջակցելու համար: 

Բայդենը նաև հայտարարել է, որ Merck & Co Inc ընկերությունը կօգնի պատրաստել Johnson & Johnson ընկերության մեկ ներարկմամբ պատվաստանյութը և հավելել է, որ ինքը վստահ է, որ մայիսի վերջին ԱՄՆ-ում յուրաքանչյուր մեծահասակի համար բավարար պատվաստանյութ կլինի: Բայդենը նշել է, որ լավատես է իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում պատվաստման 100 միլիոն չափաբաժնի ցուցանիշը կյանքի կոչելու հարցում, սակայն ամերիկացիներին հորդորել է՝ դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու հարցում զգոն մնալ: