Քաղաքացիները պահանջում են լուծել դատարանների հարցը. հասկանում են՝ դա է մեր երկրում խոչընդոտներից մեկը. Հրաչյա Հակոբյան
Ձեր սթափեցման կոչից հետո, որը պետք է վիճակն ավելի մեղմացներ, մեզ մոտենում են քաղաքացիներ և ասում են՝ ե՞րբ է լուծվելու մեր դատավորների, դատարանների հարցը։ Բայց ես ունեմ համոզմունք, որ անկախ ամեն ինչից՝ կան իրենց խղճով որոշումներ կայացնող դատավորներ, որոնց ես շնորհակալ եմ: Այս մասին այսօր ԱԺ-ում ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Առաջին հերթին Հակոբյանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի այն խոսքին, թե քաղաքական հարցերին չի պատասխանելու, ըստ պատգամավորի, բոլոր հարցերը կապված են նրա հայտարարության հետ, և եթե հայտարարությունը քաղաքական չի եղել, ուրեմն հարցերն էլ քաղաքական չեն: «Ո՞ր հարցն է քաղաքական, եթե հարցերը ձեր «չքաղաքական» հայտարարությունից են: Բարի եղեք՝ պատասխանել այդ չքաղաքական հարցերին»:
«Խնդիրը չի լուծվել, գնալով ավելի է խորանում, որովհետև նույն այդ քաղաքացիները մեզնից պահանջում են, որ լուծվի դատարանների հարցը, որովհետև հասկանում են, որ դա է մեր երկրում խոչընդոտներից մեկը»։
Վարդազարյանն արձագանքեց, որ Հակոբյանն իր խոսքում նշեց, թե հարց չի տալիս, այդ պատճառով էլ ինքը չի պատասխանում։ Պատգամավորն էլ շեշտեց, թե այս պատասխանով ԲԴԽ նախագահը փաստեց, որ, ամեն դեպքում, հայտարարությունը քաղաքական է եղել, քանի որ ենթադրվում էր, որ վերջինս կասեր՝ այո, հայտարարությունը քաղաքական չի եղել, հարցերն էլ քաղաքական չեն:
«Առնվազն հինգ անգամ երեկ պատասխանել եմ, այսօր երկու անգամ պատասխանեցի, որ իմ կոչը քաղաքական չի եղել, և դա եղել է զսպվածության և սթափեցման կոչ»,-արձագանքեց Վարդազարյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկնաբանեց՝ տենց էլ չհասկացաք՝ ում և ինչ:










